Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Պահանջում են բացահայտել գյուղապետի սպանությունը

Պահանջում են բացահայտել գյուղապետի սպանությունը
29.07.2013 | 19:22

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղն այս տարվա ապրիլի 2-ին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո պարբերաբար իր վրա է սևեռում հանրության ուշադրությունը: Այստեղ հասունանում է քաղաքացիական ընդվզման մի նոր օջախ: Եվ թեև դաշնակցական ազատամարտիկ գյուղապետի սպանությունից հետո Պռոշյանում հաղթեց ու գյուղապետ դարձավ ՀՀԿ-ական թեկնածուն, կրքերն այստեղ չեն հանդարտվում, և սպանված գյուղապետի մերձավորներն ու ընկերները յուրօրինակ հետևողականություն են ցուցաբերում՝ պահանջելով բացահայտել սպանությունը: Այսօր հրաժարական է տվել Պռոշյանի գյուղապետարանի ողջ աշխատակազմը. 15 աշխատողներից 13-ը ներկայացրել են աշխատանքից ազատվելու դիմումներ, իսկ երկուսին նորընտիր ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանը հուլիսի 26-ի հրամանով ազատել էր աշխատանքից: Այսօր Արթուր Մուրադյանը գյուղապետարանի միակ աշխատողն է: Գյուղապետի ընտրություններում նրա մրցակից ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակյանը ազատվել էր գյուղապետի տեղակալի պաշտոնից՝ հայտարարելով, թե ինքը «այս տեսակի հետ աշխատել չի կարող»: irates.am-ը զրուցեց Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետոյանի հետ՝ իմանալու աշխատանքից ազատված աշխատակիցների հետագա քայլերի մասին: «Մենք՝ գյուղապետարանի աշխատակիցներս, լինելով սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի գործընկերները, պահանջատեր ենք և արտահայտում ենք մեր բողոքը, պահանջում, որ բացահայտվի սպանությունը: Քանի որ գործը բացահայտված չէ, մենք չգիտենք, թե ովքեր են պատվիրատուները»,- նշեց Լուսինե Պետոյանը: Մեր զրուցակիցն ասաց նաև, որ հենց ընտրապայքարն էլ ցույց տվեց, թե ինչու համար են սպանել Հրաչ Մուրադյանին: Լուսինե Պետոյանի հավաստմամբ՝ գյուղապետարանի աշխատակիցներից միայն երկուսն են դաշնակցական, մյուսներն անկուսակցականներ են: «Ամեն ինչ անելու ենք, ամեն ջանք թափելու ենք, որ բացահայտվի Հրաչ Մուրադյանի սպանությունը, ամբողջ գյուղը դա է ցանկանում և դրան է հետամուտ»,- հավաստիացրեց Լուսինե Պետոյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ